Արսեն Բաղդասարյան. «Դրամի արժեւորման պատճառով ՏՏ ոլորտում ռիսկային իրավիճակ է ստեղծվում»
DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանն այսօր ասել է, որ դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման հետեւանքով վերջին ամիսներին ընկերությունն ունեցել է 20%-ի կորուստ, որը չափազանց լուրջ գումար է։
«Մանթաշյանց» գործարարների միությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ իրավիճակն ազդում է ընկերությունների զարգացման, հնարավորությունների, ներդրումների, աշխատավարձային քաղաքականության վրա։
«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կազմակերպությունների մեծամասնությունն աշխատում է արտասահմանյան ընկերությունների հետ, ինչը նշանակում է, որ պայմանագրերը կնքվում են արտարժույթով, իսկ ներքին ծախսերը կատարվում են դրամով։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ չենք կարող դոլարով աշխատավարձ, վարձ վճարել, ներդրումներ անել։ Պայմանագրերն էլ հիմնականում կնքվում են մեկ տարի ժամկետով եւ դժվար է ընթացքում վերանայել դրանք»,- ասել է նա։
«Ռիսկային իրավիճակ է ստեղծվում։ Մեր ծախսերի մեծ մասն աշխատավարձն է, եւ պարտավորությունների կատարման, դրամային պայմանավորվածությունը պահպանելու համար պետք է ունենալ ավելորդ դոլար»,- նշել է DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը։